Ինչու՞ է աճել ուղետոմսերի գինը, ինչու՞ են ժամկետներ սահմանված ուղետոմսերի համար և ի՞նչ մասնակցություն ունի Telcell-ը այս գործընթացներում։
Ուղետոմսերի սակագները և ժամկետները սահմանվում են Երևանի քաղաքապետարանի կողմից։ Telcell-ը պարզապես սպասարկում է վճարային համակարգը և չի մասնակցում համակարգի վերահսկողությանը։ Դա նշանակում է, որ մենք պատասխանատու ենք տեխնիկական իրագործման համար, բայց որոշումները, վերահսկողությունն ու կարգավորումները իրականացվում են միայն համայնքային և պետական կառույցների կողմից։
Ինչո՞ւ է Telcell Wallet-ում ուղետոմսերի գինը զեղչված։
Ի տարբերություն այլ վճարային միջոցների՝ Telcell Wallet-ի գործառնական և սպասարկման ծախսերը զգալիորեն ավելի ցածր են։ Հենց այդ պատճառով էլ Telcell Wallet-ում հաստատվել են զեղչեր։ Դրանով իսկ մենք նպատակ ունենք խրախուսել հավելվածով վճարելու հարմարությունն ու արդյունավետությունը և այդ վճարումները դարձնել առավել շահավետ։
Ինչու՞ նույն բանկային/տրանսպորտային քարտով հնարավոր չէ 2 անգամ վճարել։
Որպեսզի բացառվի նույն տրանսպորտային միջոցում կրկնակի վճարումը, և պահպանվի «մեկ անձ՝ մեկ ուղևորություն» սկզբունքը, բանկային ու տրանսպորտային քարտերի և դինամիկ փաթեթների համար գործում է 30 րոպե սահմանափակում։ Դա վերաբերում է միայն նույն երթուղուն կամ մետրոյի նույն կայարանին։
Այս սահմանափակումը կարևոր է հատկապես այն դեպքերում, երբ բանկային կամ տրանսպորտային քարտով ձևակերպված է լինում անսահմանափակ փաթեթ, ինչը կարող է հանգեցնել չարաշահումների՝ հակասելով «մեկ անձ՝ մեկ ուղևորություն» սկզբունքին։
Նման չարաշահումներ արդեն իսկ արձանագրվել են համակարգում, և այս սահմանափակումը կոչված է կանխելու բազմակի անվճար ուղևորությունների դեպքերը։
Ի՞նչ անել, եթե բանկային քարտով վճարելիս մերժում է, բայց գումարը գանձվում է։
Սքաները ցույց է տալիս մերժում, եթե նախորդ ուղևորությունից ունեք պարտք, կամ էլ եթե էմիտենտ բանկի կողմից սահմանված անկանխիկ գործարքների քանակային/ծավալային սահմանափակման պատճառով գումարը չի գանձվել, բայց Դուք օգտվել եք երթևեկությունից։ Այդ դեպքում համակարգը տեղում գանձում է նախորդ չվճարված 150 դրամը։ Գանձումից հետո՝ հաջորդ ուղևորության ժամանակ, կարող եք կրկին օգտվել սքաներից, և խնդիր չի առաջանա։
Ինչու՞ չեմ կարող ստուգել իմ պարտքի մնացորդը։
Այս պահին համակարգում պարտքի մնացորդը ստուգելու հնարավորություն չկա։ Պատճառն այն է, որ համակարգն աշխատում է օֆլայն ռեժիմով։ Նշենք, որ մենք դիտարկում ենք ապագայում պարտքի մնացորդի ստուգման գործիքի ներդրման հնարավորությունը։
Ինչու՞ է համակարգը օֆլայն։
Համակարգն աշխատում է օֆլայն ռեժիմով, որպեսզի վճարումները հնարավոր լինի կատարել անգամ ինտերնետ կապի բացակայության կամ ծանրաբեռնվածության պայմաններում։ Եթե համակարգը լիներ օնլայն, ապա անգամ կարճատև խափանման դեպքում գործարքները հնարավոր չէր լինի իրականացնել, ինչը լրացուցիչ անհարմարություն կստեղծեր ուղևորների համար։
Ինչու՞ տերմինալը ուղետոմս չի տպում։
Պատճառ 1․ Թուղթ տպող սարքի խնդիր
Մեր թիմը մշտապես աշխատում է հնարավորինս արագ սպասարկել տերմինալները և կանխել նմանատիպ խնդիրների առաջացումը։ Բայց քանի որ անդորրագրերի թուղթը սահմանափակ է, որոշ դեպքերում այն կարող է սպառվել։ Այդ ժամանակ տերմինալի էկրանին հայտնվում է նախազգուշացնող պատուհան՝ տեղեկացնելով, որ տվյալ պահին չի կարող տպել ուղետոմս։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել էկրանին արտացոլված նախազգուշացմանը և ընտրել տոմսի ստացման այլ տարբերակ, օրինակ՝ էլեկտրոնային տոմս։
Պատճառ 2․ Մետաղադրամ ընդունող սարքի խափանում
Տերմինալը կարող է չֆիքսել վճարումը, եթե մետաղադրամ ընդունող սարքը ժամանակավորապես խափանված է լինում։ Դա հաճախ առաջանում է այն դեպքում, երբ որոշ օգտատերեր կամ զեղծարարներ մետաղադրամի փոխարեն օտար առարկաներ են նետում սարքի մեջ, ինչը բերում է սարքի արգելափակման։ Այդ ժամանակ նույնպես էկրանին հայտնվում է նախազգուշացնող հաղորդագրություն՝ հորդորելով մետաղադրամով վճարում չկատարել։ Խնդրում ենք նման դեպքերում ընտրել վճարման այլ տարբերակ։
Ի՞նչ անել, եթե սքանավորման սարքը չի ճանաչում տոմսը։
Դինամիկ տոմսերն աշխատում են ինտերնետ կապի միջոցով։ Խնդրում ենք ստուգել՝ արդյո՞ք հեռախոսի ժամի ավտոմատ կարգավորումը միացված է, և արդյո՞ք կայուն է ինտերնետ կապը։ Եթե խնդիրը շարունակվի, դիմեք մեզ։
Ինչու՞ տերմինալներում չեն վաճառվում բոլոր փաթեթները կամ արտոնյալ տոմսերը։
Տերմինալով կարող եք գնել մեկանգամյա ուղետոմսեր կամ ակտիվացնել ցանկացած տեսակի ուղետոմս կամ փաթեթ տրանսպորտային քարտի վրա։ Արտոնյալ խմբի փաթեթները նույնպես կարելի է լիցքավորել, բայց անհրաժեշտ է նախապես նույնականացնել Ձեր տրանսպորտային քարտը։
Արտոնյալ փաթեթներն ամբողջությամբ հասանելի են Telcell Wallet հավելվածում՝ նույնականացում անցնելուց հետո։
Եթե արդեն նույնականացված եք հավելվածում, ապա Ձեր արտոնյալ խմբի համար լրացուցիչ նույնականացման անհրաժեշտություն չկա։ Համակարգը ավտոմատ կերպով ստուգում է Ձեր տվյալները արտոնյալ բազայում և թույլ է տալիս օգտվել համապատասխան փաթեթներից։
Ինչպե՞ս ստանալ տերմինալում մնացած մանրը։
Տերմինալի էկրանին վճարման պահին առաջարկվում են մանրը ստանալու հետևյալ 3 տարբերակները․
- Մանրը ստանալ Telcell մասնաճյուղում կամ փոխանցել Ձեր նախընտրած հաշվին։ Առաջին դեպքում Ձեզ տրամադրվելու է մանրի անդորրագիր, որով կարող եք ստանալ գումարը մասնաճյուղերից որևէ մեկում (անձնագրով/ID քարտով և անդորրագրով), իսկ երկրորդ դեպքում՝ մանրը հաշվին ստանալու համար, անհրաժեշտ է կապ հաստատել զանգերի կենտրոնի հետ, որից հետո մանրը կփոխանցվի Ձեր նախընտրած հաշվին։
- Մանրը փոխանցել վճարման ժամանակ մուտքագրված հեռախոսահամարով բացված Telcell Wallet-ի հաշվին։
- Մանրը փոխանցել վճարման ժամանակ մուտքագրված հեռախոսահամարին։