Հավելված
«Թել-Սել» փակ բաժնետիրական ընկերության
գլխավոր տնօրենի 15 նոյեմբերի 2022թ. թիվ 93-Ն հրամանի
«ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Կարգավորման առարկան
1. 1. «Թել-Սել» ՓԲԸ գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ Քաղաքականություն) սահմանում է «Թել-Սել» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ծառայությունների շրջանակներում հավաքագրված տվյալների մշակման, օգտագործման, պահպանման և երրորդ անձանց փոխանցման կանոնները։
2. Հիմանական հասկացություններ
2.1. Հաճախորդ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով օգտվել, օգտվում է կամ կարող է օգտվել Ընկերության մատուցած ծառայություններից կամ դիմել է Ընկերությանը՝ այդ ծառայություններից օգտվելու նպատակով:
2.2. Անձնական տվյալ` Հաճախորդին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը։
2.3. Անձնական տվյալների մշակում` անկախ իրականացման ձևից ու եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է Անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու, կամ մուտքագրելու, կամ համակարգելու, կամ կազմակերպելու, կամ պահպանելու, կամ օգտագործելու, կամ վերափոխելու, կամ վերականգնելու, կամ փոխանցելու, կամ ուղղելու, կամ ուղեփակելու, կամ ոչնչացնելու, կամ այլ գործողություններ կատարելու հետ։
2.4. Անձնական տվյալների օգտագործում` գործողություն, որի ուղղակի կամ անուղղակի նպատակը կարող է լինել որոշումներ ընդունելը կամ կարծիք ձևավորելը, կամ իրավունքներ ձեռք բերելը, կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելը, կամ իրավունքները սահմանափակելը կամ զրկելը, կամ այլ նպատակի իրագործումը, որոնք տվյալների սուբյեկտի կամ երրորդ անձանց համար առաջացնում կամ կարող են առաջացնել իրավական հետևանքներ կամ այլ կերպ առնչվել նրանց իրավունքներին ու ազատություններին։
2.5. Բջջային հավելված՝ Ընկերության կողմից շարժական սարքերում ծրագրային ապահովում, որի միջոցով հասանելի են դառնում Ընկերության ծառայությունները, ինչպես նաև Հաճախորդի և Ընկերության միջև տեղեկատվության (այդ թվում՝ էլեկտրոնային ծանուցումների) փոխանակումը։
3. Ընդհանուր դրույթներ
3.1. Ընկերությունը հավաքագրում է այն անձնական տվյալները, որոնք Հաճախորդը տրամադրել է՝ գրանցվելով Ընկերության ինտերնետային կայքերում և (կամ) Բջջային հավելվածում և (կամ) ձեռնարկելով որևէ կոնկրետ գործողություն, որը ենթադրում է անձնական տվյալների գրանցում և ներկայացում:
3.2. Ընկերությունը վերամշակում է Անձնական տվյալները՝ կիրառելի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
3.3. Ընկերությունը երաշխավորում է իր հավաքագրած տեղեկատվության գաղտնիության ապահովումը։
3.4. Ընկերությունը կարող է իրականացնել Անձնական տվյալների մշակում (այդ թվում՝ հավաքագրում, ամրագրում, մուտք համակարգում կամ պահպանություն, օգտագործում, փոփոխություն/ուղղում, վերականգնում, փոխանցում, արգելափակում կամ ոչնչացում կամ այլ գործողություններ)՝ իր բնականոն գործունեության ապահովման նպատակով, այդ թվում`
3.4.1. Հաճախորդներին ծառայությունների մատուցման,
3.4.2. Հաճախորդների հետ հաղորդակցվելու և համագործակցելու,
3.4.3. ներքին նպատակների համար, ինչպես՝ աուդիտը, տվյալների վերլուծությունը և ուսումնասիրությունը։
3.5. Ընկերությունը պահպանում է Անձնական տվյալները՝
3.5.1. այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է Հաճախորդներին տրամադրել իրենց պահանջած ծառայություններից օգտվելու հնարավորություն,
3.5.2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված ցանկացած այլ ժամկետով։
3.6. Անձնական տվյալները կարող է մշակել նաև երրորդ անձը՝ Ընկերության առաջադրանքով: Առաջադրանքը պարունակում է Անձնական տվյալներ մշակելու իրավական հիմքերը և պայմանները, նպատակը, մշակման ենթակա Անձնական տվյալների ցանկը, տվյալների սուբյեկտների շրջանակը, այն անձանց շրջանակը, որոնց կարող են փոխանցվել Անձնական տվյալները, Անձնական տվյալների պաշտպանության տեխնիկական ու կազմակերպչական միջոցառումները և անհրաժեշտ այլ տեղեկություններ։
3.7. Ընկերությունն օգտագործում է անվտանգության մի շարք միջոցներ և տեխնոլոգիաներ, Անձնական տվյալները չարտոնված մուտքից, օգտագործումից, բացահայտումից, փոփոխումից կամ ոչնչացումից պաշտպանելու համար՝ համաձայն տվյալների պաշտպանության և գաղտնիության կիրառելի օրենսդրության։
3.8. Անձնական տվյալները պահպանվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով անձանց, ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունք ունեն և պարտավորված են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:
3.9. Ընկերության աշխատակիցները պարտավոր են պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը ինչպես անձնական տվյալների մշակմանն առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելիս, այնպես էլ դրա ավարտից հետո։ Սույն կետի խախտման դեպքում Ընկերության աշխատակիցները ենթարկվում են պատասխանատվության՝ Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված կարգով։
3.10. Անհրաժեշտ է, որ Հաճախորդները պաշտպանեն իրենց գաղտնաբառը և համակարգիչը, հեռախոսը կամ այլ սարքեր՝ չարտոնված մուտքից, և համատեղ օգտագործման համակարգչով աշխատանքը ավարտելիս համոզվեն, որ համակարգից դուրս են եկել։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի անփութության հետևանքով Անձնական տվյալներին չարտոնված հասանելիության համար։
3.11. Հաճախորդն իրավունք ունի․
3.11.1. պահանջել հասանելիություն Ընկերության կողմից պահվող իր Անձնական տվյալներին,
3.11.2. պահանջել իր Անձնական տվյալների ուղղում, Անձնական տվյալների մշակման դադարեցում,
3.11.3. պահանջել իր Անձնական տվյալների մշակման սահմանափակում,
3.11.4. չեղարկել իր Անձնական տվյալների մշակման համաձայնությունը (եթե Ընկերությունը Հաճախորդի Անձնական տվյալները մշակում է վերջինիս համաձայնության հիման վրա),
3.11.5. ստանալ տեղեկատվություն Անձնական տվյալները մշակելու հիմքերի ու նպատակների, տվյալները մշակողի, նրա գտնվելու վայրի (եթե մշակումը կատարում է այլ կազմակերպություն՝ Ընկերության առաջադրանքի համաձայն), մշակելու ժամկետների մասին,
3.11.6. տվյալների պաշտպանության իրավասու մարմնին բողոք ներկայացնել, եթե գաղտնիության իր իրավունքները խախտվել են, կամ եթե նա տուժել է Անձնական տվյալների անօրինական մշակման արդյունքում։
3.12. Եթե Հաճախորդը առարկում է Անձնական տվյալների մշակմանը կամ մշակման համաձայնություն է տվել և այնուհետ որոշել է հեռացնել կամ պահանջել դադարեցնել Անձնական տվյալների մշակումը, նման դեպքում Ընկերությունը կարող է դադարեցնել Հաճախորդին ծառայությունների մատուցումը։
3.13. Ընկերության կայքը/Բջջային հավելվածները կարող են պարունակել այլ կայքերի հղումներ: Ընկերությունը չունի վերահսկողություն և պատասխանատու չէ այլ կայքերի/հավելվածների բովանդակության և գաղտնիության քաղաքականության համար:
3.14. Ընկերությունն օգտագործում է cookie ֆայլերը` վեբ կայքերի և Բջջային հավելվածների բարելավման համար։ Cookie ֆայլերը տառերի և թվերի շարքից բաղկացած փոքրիկ ֆայլեր են, որոնք պահպանվում են Հաճախորդի սարքում՝ վեբ կայքեր/Բջջային հավելվածներ այցելելիս: Դրանք կայքի կամ բջջային հավելվածի սեփականատիրոջը հնարավորություն են տալիս տվյալ Հաճախորդին տարբերել կայքի/Բջջային հավելվածների այլ օգտվողներից: Cookie ֆայլերը չեն կարող կիրառվել որպես ծածկագիր կամ օգտագործվել վիրուսներ փոխանցելու համար, ինչպես նաև դրանք չեն կարող Ընկերությանը տալ Հաճախորդի կոշտ սկավառակ մուտք գործելու հնարավորություն, րշև Ընկերությանը չի կարող հասանելի լինել Հաճախորդի կոշտ սկավառակի վրա պահպանվող որևէ տեղեկություն։
3.15. Եթե Հաճախորդը չի ցանկանում վեբ կայքեր/Բջջային հավելվածներ այցելելիս ստանալ cookie ֆայլեր, կարող է փոփոխել իր զննարկիչի (բրաուզեր) և (կամ) բջջային սարքի կարգավորումները՝ սահմանափակելով կամ արգելափակելով cookie ֆայլերը։
3.16. Ընկերության կայքերում և (կամ) Բջջային հավելվածներում cookie ֆայլերի տվյալները կարող են օգտագործվել տարբեր նպատակներով, ներառյալ՝
3.16.1. Հաճախորդներին տալիս են կայքում կամ Բջջային հավելվածում անվտանգ մուտքի ու տեղաշարժի, թույլատրելի ծառայություններից օգտվելու հնարավորություններ,
3.16.2. Ընկերությանը տեղեկություն են տալիս Հաճախորդների նախընտրությունների վերաբերյալ՝ Ընկերության կայքերում և (կամ) Բջջային հավելվածներում վերջինիս նախկին կամ ընթացիկ գործողությունների հիման վրա, ինչը հնարավորություն է տալիս բարելավել մատուցվող ծառայությունների որակը,
3.16.3. Հնարավորություն են տալիս պահպանել Հաճախորդների տրամադրած տեղեկատվությունը (օրինակ՝ անունը, լեզուն կամ բնակության երկիրը), ինչն ընդլայնում է որոշակի գործառույթների հնարավորությունները և դրանք դարձնում առավել անհատականացված: