Այսօրվա պատմության հերոսը մեր աշխատակից Վահան Մարգարյանն է, ով հաջողել է ընդամենը 3 տարվա ընթացքում նախանձելի մասնագիտական աճ ունենալ՝ երեկոյան օպերատորից դառնալով IT Project Manager:
Դեռևս մանկուց՝ 6-7 տարեկանից, Վահանը երկար ժամանակ էր անցկացնում համակարգչի առջև, սակայն ի տարբերություն տարիքակիցների՝ հետաքրքրված էր ոչ թե համակարգչային խաղերով, այլ թվային տեխնոլոգիաներով, համակարգչի ֆորմատավորմամբ, դիզայնով ու ծրագրավորմամբ: Հիշում է՝ դպրոցական տարիներին անգամ կայք էր պատրաստել:
«Մասնագիտությամբ ցանցային ադմինիստրատոր եմ: 20 տարեկանում անցել եմ իմ առաջին աշխատանքին՝ երեկոյան օպերատոր Telcell ընկերությունում: Իրականում ամեն ինչ շատ պատահական ստացվեց, սակայն, ինչպես պարզ դարձավ հետագայում, պատահականություններ չեն լինում. ծանոթներիցս մեկն ասաց, որ Telcell-ում հարմար աշխատանք կա, ես էլ դիմեցի: Սկզբում փորձաշրջան անցա՝ ևս 2 հավակնորդների հետ. ընտրվեցի ես: Սկզբնական շրջանում մի քիչ լարվածություն կար, քանի որ առաջին աշխատանքս էր, բայց շատ արագ այդ զգացողությունն անցավ, ու ես դարձա Telcell-ի մեծ ընտանիքի մի մասը»:
Ի դեպ, ինչ վերաբերում է մեր ընկերությանը. կա 3 բան, որ ինձ գրավում է աշխատել հենց այստեղ՝ մեծ ու պրոֆեսիոնալ անձնակազմ, աշխատանքային լավ պայմաններ ու ամենակարևորը՝ մասնագիտական աճի մեծ հնարավորություն:
Մեկ տարի ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ մոտենալով իր գործին՝ Վահանը ճանաչվեց տարվա լավագույն օպերատոր, ինչն էլ նրա առջև բացեց հաջորդ դուռը. Վահանին սպասում էր Call Center Supervisor-ի հաստիքը: Այս հաստիքում Վահանի գործառույթներից մեկն էր նպաստել IT ոլորտի զարգացմանը:
Անձնակազմի կառավարումը, խնդրահարույց հաճախորդների սպասարկումը, առկա խնդիրներին լուծումներ գտնելն ու որակի վերահսկումը Վահանի մեջ արմատավորեցին այնպիսի կարևոր հատկություն, ինչպես պատասխանատվության բարձր զգացողությունը, ինչին նպաստեց նաև ամուր նյարդերի կոփումը. հենց այս որակներն է Վահանը համարում ամենակարևորները Project Manager-ի գործում:
«Project Manager-ի անքակտելի պարտականություններից է գտնել առկա խնդիրների լավագույն լուծումները, իսկ դա ամուր նյարդեր է պահանջում: Բացի այդ, լավ Project Manager դառնալու գրավականն է ինքնազարգացումը՝ անդադար գիտելիք կուտակել ու կիրառել դրանք: Դե իսկ պատասխանատվությունը, կարծում եմ, անհրաժեշտ է յուրաքանչյուր գործում»:
Վահանը վստահ է, որ մասնագիտական ծանրակշիռ աճ արձանագրելու համար անհրաժեշտ է երեք պարզ բան՝ մասնագիտական հմտություններ, աշխատասիրություն ու սեր կատարածդ աշխատանքի նկատմամբ: Այսօր էլ, ունենալով շահավետ ու սիրելի գործ, Վահանը շարունակում է ինքնազարգացման ուղին. ասում է՝ «հետաքրքրությունս նոր պրոյեկտներ ուսումնասիրելն է, իսկ հոբբիս՝ աշխատելը»: