Ամեն տարի մայիս ամսվա առաջին հինգշաբթին աշխարհը տոնում է Գաղտնաբառի օրը: Եվ օրվա խորհուրդը հուշում է նշել այն գործնական մոտեցմամբ. հոգալ ՏՏ միջավայրի անվտանգության մասին՝ թարմացնելով գաղտնաբառերը:
Սկզբի համար՝ փոքրիկ վիճակագրություն.
- Աշխարհում ամենատարածված գաղտնաբառն է 123456-ը, ամենակարճն էլ ընդամենը 1 նիշ է պարունակում: NordPass ընկերությունը 2019-ին ներկայացրեց ամենատարածված գաղտնաբառերի ցանկը, որոնք հայտնաբերվել են օգտատերերի հաշիվները կոտրելու արդյունքում: Բազայում ընդհանուր առմամբ հայտնվել էր 500 մլն գաղտնաբառ, որոնցից առանձնացվել էին 200 կրկնվողները: Առաջին եռյակում հեշտ գուշակվող թվային կոմբինացիաներ են՝ 12345, 123456, 123456789: Շարունակում է տարածված մնալ հենց password գաղտնաբառը: Այս գաղտնաբառերի հուսալիությունը այնքան է, որքան տարածված այն մոտեցումը, թե տանից դուրս գալիս բանալին պետք է թողնել մուտքի դռան առջևի գորգի տակ
- Երիտասարդ սերունդն առանձնակի կարևորություն չի տալիս գաղտնաբառերի հուսալիությանը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեռահասների 30%-ն իր գաղտնաբառերով կիսվում է ուրիշների հետ:
- Մարդկանց 66%-ը միայն 1 կամ 2 գաղտնաբառ է օգտագործում՝ իր բոլոր հաշիվների համար: Սա մեծ ռիսկ է. չէ՞ որ եթե որևէ մեկին հանկարծ հաջողվի իմանալ այդ գաղտնաբառերից մեկը, դա կդառնա մնացած հաշիվներին մուտքի «կանաչ լույս»:
- Մարդիկ որպես գաղտնաբառ առավել հաճախ օգտագործում են իրենց տնային կենադանիների անունները, քան ընտանիքի անդամների: Այո՛, այո՛. երեք անգամ ավելի հաճախ:
Եկեք խոստովանենք, որ բոլորս էլ գիտենք կիբերանվտանգության կարևորության մասին, սակայն բոլորս էլ «ականջի ետև» ենք գցում մեր հաշիվներն ավելի պաշտպանված դարձնելու գործը:
Դե ինչ, իսկը առիթն է՝ այսօրվա գործը վաղվան չթողնելու, և ահա, թե ինչու…
Կիբերհանցագործների կողմից քո գաղտնաբառերի, էլեկտրոնային հասցեի, բանկային տվյալների կամ այլ տեղեկություններ կորզելը անցանկալի և անդառնալի հետևանքներ կարող է բերել: Դու կարող ես ունենալ թե՛ ֆինանսական, թե՛ իրավական խնդիրներ: Այս դեպքում թվային հիգիենայի կանոնների պահպանումը թույլ կտա պաշտպանել անձնական տվյալները, ինչպես նաև նվազագույնի հասցնել հնարավոր վտանգներն ու ինֆորմացիայի արտահոսքը:
5 խորհուրդ՝ հուսալի գաղտնաբառ ունենալու համար
Տարբեր կայքերում օգտագործիր տարբեր գաղտնաբառեր
Եթե լիներ կիբերանվտանգության կանոնների խախտումների վարկանիշային սանդղակ, ապա բոլոր կայքերում նույն մուտքանուն + գաղտնաբառ կիրառելու վատ սովորությունը հաստատ տեղ կգրավեր «լավագույն եռյակում»: Ինչու՞. եթե այդ կայքերից որևէ մեկից արտահոսք լինի, ապա առաջինը, որ կանեն հակերները, ստուգելն է, թե արդյոք նույն կոմբինացիան համապատասխանում է PayPal-ի կամ նման այլ կայքերի ու ֆինանսական ծառայությունների տվյալներին:
Ստեղծիր գաղտնաբառ, ոչ թե հորինիր այն
Հուսալի գաղտնաբառ ստանալու համար պարտադիր չէ գործի դնել երևակայությունը. կարող ես օգտվել նաև այս առցանց գործիքից՝ www.lastpass.com/password-generator
Եթե, այնուամենայնիվ, ուզում ես ինքդ «հեղինակել» քո գաղտնաբառը, կարող ես օգտագործել քեզ համար կարևոր ամսաթիվ + սիրելի գրքի/ֆիլմի անունը, կամ էլ՝ որևէ թևավոր խոսք այդ ստեղծագործությունից: Կարևոր է, որ նշանակալի ամսաթիվը քո ծննդյան օրը չլինի, քանի որ դա նույնպես տարածված սխալ է, որի մասին գիտեն բոլոր «չարագործները»:
Գաղտնագրեր օգտագործիր
Առանձնացրեք մի նախադասություn, օրինակ՝ Dear all, use Telcell Wallet to save your time and nerves, առանձնացրեք բոլոր բառերի առաջին տառերը: Այնուհետև ընտրեք 2 տառ և դրանք փոխարինեք համապատասխան 2 թվերով, օրինակ՝ բոլոր a-երը դարձրեք 3, իսկ բոլոր t-երը՝ 5, վերջում ավելացրեք որևէ կետադրական նշան՝ ըստ ճաշակի. ես նախընտրությունը տվեցի միջակետին ու ստացա նման բան՝ D3u5W5sy53n., վատ չի, չէ՞:
Երբեք մի ուղարկիր քո գաղտնաբառերը սոց. ցանցի միջոցով
Գաղտնիք չէ, որ երբեմն օգտատերերն իրենք են խախտում անվտանգության կանոնները: Ավելին՝ մենք երբեմն ռիսկի ենք դիմում գիտակցաբար, թեև երբեմն էլ չենք հասկանում, որ մեր քայլերն անվտանգ չեն: Messenger-ի օգտատերերից շատերը ցանցի միջոցով միմիանց են ուղարկում անձը հաստատող փաստաթղթի կամ կարևոր այլ փաստաթղթերի լուսանկարներ, մուտքանուններ ու գաղտնաբառեր. այս ամենը հղի է վատ հետևանքներով:
Վստահ եղիր, որ քեզ չեն «կոտրել»
Օրինակ՝ Have I Been Pwned? (haveibeenpwned.com) կայքի միջոցով կարող ես տեղեկանալ՝ քո էլ. հասցեն կոտրել են, թե ոչ: Նման խնդրի առկայության դեպքում անմիջապես փոխիր գաղտնաբառդ: Ընդհանրապես՝ անհրաժեշտ է հաճախակի փոխել գաղտնաբառերը՝ կիբերհարձակումներից խուսափելու համար:
Դե ինչ, կիրառիր այս խորհուրդները, և թող ոչ մի օտար քիթ չհայտնվի քո սոց. կայքերում: