Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, նշում ենք Գիրք նվիրելու օրը։ Մեր գրքասեր կոլեգաներին խնդրեցինք խորհուրդ տալ սիրելի վեպերից մեկը և կազմեցինք ցուցակ, որը կարող ես կարդալ 6 րոպեում, բայց մոտ 6 ամսվա կարդալու բան կունենաս։
Չենք մոռանում նաև Գիրք նվիրելու օրվա խորհուրդը․ նյութի վերջում հնարավորություն կունենաս նշել քո հեռախոսահամարը և մեր այն աշխատակցի անունը, ում խորհուրդ տված գիրքը ցանկանում ես նվեր ստանալ։
Մենք պատահականության սկզբունքով կընտրենք 6 գրքի 3-ական հայտ, և փետրվարի 20-ին 18 հաղթող Telcell Wallet-ին QR կստանա։ Եթե քեզ նույնպես QR գա, այն ներկայացրու Մաշտոցի 5 («Երևան սիթի» սուպերմարկետ) հասցեում գտնվող մեր մասնաճյուղում և ստացիր գիրքը։
Խոսքը փոխանցում ենք մեր Արսենին ու քեզ մաղթում հաճելի ընթերցում․․․
Արսեն Ավետիսյան, Ֆինանսական բաժնի ղեկավար
«Հրեշտակների կայսրություն» (ռուսերեն), Բերնար Վերբեր
Վաղ թե ուշ բոլորիս սկսում են հուզել նման հարցեր՝ «Իսկ ի՞նչ է լինելու մահից հետո», և «Կա՞ն արդյոք հրեշտակներ, ու ինչպե՞ս են նրանք մեզ օգնում»։ Այս գիրքը ներկայացնում է մարդկային գոյության հնարավոր սցենարներից մեկը՝ մահից հետո դուրս գալ վերածնության շրջապտույտից և դառնալ ինչ-որ մեկի Հրեշտակը։
Հնարավոր է՝ ընթերցողի մոտ նոր հարցեր ծագեն, օրինակ՝ «Իսկ եթե Հետոն այլ լինի, ապա՝ ինչպիսի՞ն»։ Դա լավ է, որովհետև հենց այդ պահից էլ սկսվում է ամենահետաքրքիրը։
Մանե Հարությունյան, Զանգերի կենտրոնի օպերատոր
«451° ըստ Ֆարենհայթի», Ռեյ Բրեդբերի
«Ես չէի փորձում գուշակել ապագան, ես փորձում էի այն կանխել»։
Սա անցյալի գիրք է ներկայի մասին։ Մենք ապրում ենք այս ժամանակաշրջանում՝ ժամանակ չունենալով, բայց ինչու՞։ Կարծում եմ՝ համացանցը խլում է մեր ժամանակը՝ տեղ չթողնելով գրքերին։ Այս գիրքը մեր մասին է՝ մեր ներկայի ու ապագայի։ Մի պահ պատկերացրեք, թե որքան ժամանակ ենք վատնում աշխատանքից տուն վերադառնալիս կամ գիշերը քնելուց առաջ Reels-եր դիտելով։ Համաձայն չե՞ք, որ ավելի օգտակար կլիներ այդ ժամանակը տրամադրել նոր աշխարհներ բացահայտելուն։ «451° ըստ Ֆարենհայթի» վեպն ընթերցվում է մեկ շնչով՝ աշխատանքի գնալիս կամ տուն վերադառնալիս, երթուղայինում կամ սրճարանում․․․
«Այրելը հաճույք է պատճառում»․․․ եկեք չտրվենք այդ հաճույքին, եկեք գրքեր կարդանք, մեծ մարդկանց գրքեր՝ Գյոթե, Նիցշե, Բրոնտե։ Դառնանք ավելի լավը՝ ընդլայնելով մեր մտահորիզոնը։
Ռաֆայել Զարբաբյան, Թվային մարքեթինգի մասնագետ
«Ամերիկա», Ֆրանց Կաֆկա
Ասում են՝ «Կաֆկային չի կարելի վերլուծել, Կաֆկային հարկավոր է զգալ»: «Ամերիկան» հաստատում է այս պնդումը: Գուցե հնարավոր է զուգահեռներ տանել Կաֆկայի բոլոր ստեղծագործությունների միջև, բայց «Ամերիկան», թեև անավարտ է, դուրս է կաֆկայականության մասին մեր պատկերացումներից:
16-ամյա երիտասարդի հետ մենք ժամանում ենք Նյու Յորք՝ քաղաք, որտեղ յուրաքանչյուրը կարող է հասնել իր նպատակին: Բայց իրականությունը փոքր ինչ այլ է․ Կաֆկան պատռում է «ամերիկյան երազանքի» դիմակը՝ ցույց տալով դրա տակ թաքնված աբսուրդը, որը մենք չենք ցանկանում տեսնել:
Գառնիկ Հայդոսյան, Մասնաճյուղերի ցանցի զարգացման բաժնի ղեկավար
«Ռեզիդենտը», Աշոտ Աղաբաբյան
Վավերագրա-գեղարվեստական այս ստեղծագործությունը ներկայացնում է հայ հետախույզ Հայկ Բադալյանի կյանքի պատմությունը՝ հեղինակի գույներով։ Պատմագիրը նկարագրել է Հայրենական մեծ պատերազմին նախորդող և հաջորդող մի քանի տարին։ Իմ կարծիքով՝ ամենաչլուսաբանվող մասնագիտություն ունեցող մեծերը՝ հետախուզության տիտանները, պակաս մեծեր չեն, քան գիտության և մշակույթի խոշորագույն դեմքերը։ Ցավոք, նրանք երբեք չեն մեծարվում կենդանության օրոք և շատ հազվադեպ՝ հետմահու։
Այն հանգամանքը, որ դարակազմիկ նշանակություն ունեցող իրադարձությունների կենտրոնում եղել է մեր հայրենակիցը, ինձ տվել է ոգևորության, հպարտության և խառն այլ զգացմունքների հորդառատ ալիք։
Գիրքը հենց այնպես չեմ առաջարկել՝ այն ունի դաստիարակչական նշանակություն․ ես իմ մեծագույն հարցի պատասխանը մասամբ ստացել եմ նաև գրքում՝ «Ո՞վ է հայը, ու՞ր է շարժվում հայ ազգը, և ո՞րն է վերջինիս տեղը համամարդկային ապագայում»։
Վեպն ընթերցվում է մի շնչով, գրավում է ընթերցողին սուր սյուժեով, բնապատկերների և ժամանակի շունչը փոխանցող իրավիճակային նկարագրությունների պակաս նույնպես չի զգացվում։
Աննա Հովսեփյան, SMM մասնագետ
«Չթողնես ինձ երբեք», Կազուո Իշիգուրո
Տագնապալի հարցեր առաջացնող «Չթողնես ինձ երբեք» վեպը այն խիստ մտահոգիչ գրքերից է, որը կամ սիրում ես, կամ ատում:
Սա հավատարմության ու դավաճանության, հույսի և հուսահատության, մեկ նպատակի ծառայող կյանքի պատմություն է: Վեպը երեք ընկերների մասին է, որոնց վիճակված է բաց թողնել ամեն ինչ՝ իրենց մարմինները, երազանքները, կյանքը և սիրելի մարդկանց։ Դա նրանց ճակատագիրն է, որ կանխորոշված էր և անխուսափելի։
Այստեղ մենք հնարավորություն ունենք տեսնել, թե ինչ է տեղի ունենում, երբ արատավոր հասարակությանը թույլատրվում է ազատ, առանց բարոյական հետևանքները հաշվի առնելու գիտական փորձարկումներ կատարել։ Ու դու սկսում ես սեփական դատողությունն անել, թե ի՞նչ կանեիր նման իրավիճակում՝ միմյանց ՉԹՈՂՆԵԼՈՒ համար։
Նարեկ Թաթոսյան, Զանգերի կենտրոնի ավագ օպերատոր
«Խորհրդավոր կղզին», Ժյուլ Վեռն
Վեպը հետաքրքիր է նրանով, որ, լինելով «Նավապետ Գրանտի որդիները» և «Քսան հազար լյո ջրի տակ» ստեղծագործությունների շարունակությունը, ավարտում է կապիտան Նեմոյի և մյուս հերոսների պատմությունը։
Ընթերցողին խորհուրդ կտամ կարդալ վեպը, քանի որ այն զարգացնում է երևակայությունը՝ անհնարը հնարավոր դարձնելով: Գլխավոր հերոսները, հայտնվելով կղզու վրա, ոչնչից ստեղծում են գոյատևման նպաստավոր պայմաններ: Թե ինչպես է դա նրանց հաջողվում՝ ամենահետաքրքիրն է վեպում:
Այս արկածային ստեղծագործությունը հիանալի հնարավորություն է ընձեռում կտրվել առօրյայից և տեղափոխվել խորհրդավոր կղզի՝ հետևելու հերոսների մասնակցությամբ իրադարձությունների զարգացմանը: Գիրքն ավարտելուց հետո միանգամից ցանկություն կառաջանա նմանօրինակ մեկ այլ հետաքրքիր ու արկածներով լի վեպ կարդալ: