Այս հարցը հատկապես արդիական դարձավ 2020 թվականին, երբ բացարձակ ոչինչ կանխատեսել հնարավոր չէ։ Շատերն ունեցան ֆինանսական լուրջ խնդիրներ՝ կապված աշխատավարձի կրճատման կամ աշխատանքը կորցնելու հետ։ Այս տարին ապացուցեց՝ այսօրվա աշխարհում որքան կարևոր է ֆինանսական գրագիտություն ու կուտակած գումար ունենալը։ Այսօր մենք ուզում ենք մի քանի հնարքի մասին պատմել, որոնք վստահաբար կօգնեն «ԳՈՒՄԱՐ ԵՏ ԳՑԵԼ» ու հանգիստ լինել վաղվա օրվա համար։
- Որքան էլ տարօրինակ հնչի, առաջին ու ամենապարզ կանոնը մեկն է՝ պետք է ծախսել ավելի քիչ, քան վաստակում եք։ Թվում է՝ բոլորս էլ հասկանում ենք սա, բայց արդյո՞ք նման կերպ ենք վարվում։ Անգամ հակառակն է՝ ծախսում ենք շատ ավելին, քան վաստակում ենք, իսկ սա անպայման կբերի ֆինանսական խնդիրների։ «Ծայրը ծայրին եմ հասցնում» հայտնի խոսքն անգամ հենց ենթադրում է, որ սովորաբար ամեն ամսվա աշխատավարձը ծախսում ենք մինչև վերջին դրամը։ Մինչդեռ ցանկալի է, որ նոր աշխատավարձ ստանալիս նախորդից տեսանելի քանակ մնա։ Եթե աշխատավարձն այդքան էլ բարձր չէ, կարելի է սկսել կուտակել շատ փոքր գումար, որն ընթացքում կմեծանա ու էլի կդառնա շոշափելի։ Սա քայլ առաջինն է՝ ծախսել աշխատավարձի գումարից քիչ։
- Գումարն ավելի տեսանելի պատկերացնելու ու ծախսելու համար հեշտ տարբերակ ենք առաջարկում, որն, ի դեպ, հրաշալի է աշխատում՝ փորձել ենք։ Դիցուք, աշխատավարձդ 200 հազար դրամ է։ Ամեն ամիս մոռանում ես աշխատավարձիդ 10-30%-ի մասին։ Հաշվում ես՝ այն չկա։ Ցանկալի է, որ հենց 30%-ը լինի՝ որքան շատ, այնքան լավ, բայց հաշվարկդ իրատեսական կազմակերպիր, կարելի է սկսել 10%-ից։ 30%-ի դեպքում այդ գումարը 60 հազար դրամն է։ Ստացվում է, որ «մաքուր» աշխատավարձդ մնում է 140 հազար դրամ։ Այս 140 հազար դրամը բաժանում ես 4-ի ու ստանում ամեն շաբաթ քո ծախսելիք 35 հազարական դրամը։ Իսկ թե ինչպես ծախսել՝ ինքդ որոշիր։ Տնտեսած գումարն էլ հետագայում կծախսես կարևոր գնումների կամ միջոցառումների վրա։
Ի դեպ՝ գնումներից խոսեցինք, կարևոր է նաև հիշեցնել, որ շատ ուշադիր պետք է հետևել ամենօրյա գնումներին, քանի որ հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ ամենաշատ գումարը ծախսում են հենց անպետք գնումների վրա։ Իհարկե՝ երբեմն պետք է մեզ ուրախացնենք տարբեր իրերով, բայց կարելի է հստակ սահմանագիծ ունենալ։ Օրինակ՝ որոշիր, որ ամեն ամիս քեզ համար պետք է միայն երեք իր գնես՝ երկու պետքական, մեկ՝ ոչ այնքան։ Ի վերջո՝ նախքան ինչ-որ բան գնելը մի պահ կանգ առ ու մտածիր՝ սա ինձ իրո՞ք անհրաժեշտ է, հաճա՞խ եմ կրելու կամ օգտագործելու, գուցե պետք է այս անգամ չգնել սա ու գումա՞ր տնտեսել։ Կարևորը հիշիր, որ չի կարելի տնտեսել որակյալ սնունդի կամ անձնական խնամքի վրա՝ սրանք կարևոր կետեր են։ Իսկ այ զարդերի, դեկորների, «ոչ հրատապ» հագուստի մասին կարելի է մի փոքր ավելի մտածել։
Ռուսական հայտնի խոսք կա՝ с глаз долой — из сердца вон։ Չեք հավատա, բայց դա հրաշալի աշխատում է նաև ֆինանսների դեպքում: Եթե ուզում ես չծախսել շատ գումար, այն ուղղակի չպետք է լինի ձեռքիդ տակ ու չգայթակղի դրամապանակից։ Խնդրի լուծման լավագույն տարբերակներից են էլեկտրոնային դրամապանակները․ գումարը քեզ հետ է, բայցև շատ ծախսելու գայթակղություն չկա։ Հատկապես Telcell Wallet-ում էլ կարելի է տոկոսային հարաբերակցությամբ տեսնել՝ որտեղ ես ծախսել գումարդ ու դրա շնորհիվ ևս կառավարել ծախսերդ։
Այս մասին մեր հետագա գրառումներում ավելի մանրամասն կպատմենք, իսկ մինչ այդ առաջարկում ենք միանալ մեզ, ավելի խելամիտ օգտագործել ֆինանսներն ու հանգիստ լինել վաղվա օրվա համար։