Telcell-ի 15 աշխատակից մասնակցել է Արցախյան վերջին պատերազմին՝ իրենց ուժն ու նվիրումը ծառայեցնելով հանուն Հայրենիքի։ Զրուցել ենք նրանցից երեքի՝ Արամ Մարգարյանի, Վլադիմիր Հարությունյանի և Սերգեյ Խաչատրյանի հետ։
Արամը 23 տարեկան է: Սեպտեմբերի 27-ին կամավորագրվել ու արդեն 28-ին ուղևորվել է Արցախ, ճանապարհ ընկնելուց 2 օր անց զինկոմիսարիատից ծանուցագիր են ուղարկել: Բանն այն է, որ Արամը նաև Քառօրյա պատերազմի մասնակից է ու վստահ էր՝ «եթե տանն իմանան, կամավորագրվելու որոշումը չեն ընդունի», և ընտանիքին ասել էր, թե կանչել են…
«Տանն ասացի՝ գնում ենք 2 օր կրակենք, վերհիշենք, հետ գանք: Ճանապարհին՝ Արցախ չհասած, դեռ ստացվում էր «չբռնվել ստի վրա», հետո արդեն սահմանն անցանք, ռոումինգն ակտիվացավ ու պարզ էր, որ Արցախում եմ: Փոխարինելու եկավ հաջորդ մեղմացնող սուտը, ասում էի՝ Ստեփանակերտում եմ, թեև հասել էի Մատաղիս: Ամեն ինչ վերջնականապես ջրի երես դուրս եկավ, երբ մեր ջոկատի մասին ռեպորտաժ ցուցադրվեց հեռուստատեսությամբ»…
Պատերազմի ընթացքի մասին խոսելիս մեր տղաներից որևէ մեկը պերճախոս չգտնվեց: Արամն ասում է՝ «այն հազվադեպ պահերին, երբ կրակոցներ չէին լինում՝ կատակում էինք», հետո հավելում է՝ «կրակոցների տակ էլ էինք կատակում»: Կատակում ու պայքարում էին, կատակում ու ուժ էին տալիս իրար, ասում է՝ «թիկունքից հասնող տուփերն ամենասպասված բաներից էին դարձել, ու պարունակությունից առավել կարևոր էին երեխաների նամակները. կարդում ու հուզվում էինք, կարդում ու ուժ էինք ստանում»:
Կրակահերթերի ժամանակ «ամեն անգամ, երբ սնարյադն ընկնում էր մեր դիրքի վրա, պայթյունից հետո մեկս մյուսի անունն էինք բարձր տալիս, որ տեսնեինք՝ հո բան չի եղել…»:
Հայրենիք կոչվող տունը պաշտպանելը, Արամի համար «զոհողություն է, որին գնում են պատվով», ինքնին Հայրենիքը՝ սուրբ, իսկ հանուն Հայրենիքի կռվելը՝ որևէ այլընտրանք չհանդուրժող առաքելություն: Լավագույն Հայաստանը, Արամի համար, այն է, «որտեղ մարդիկ փողոցով քայլելիս ժպտում են իրար», իսկ լավագույն զիվորը Հայ Զինվորն է՝ «մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք, ու ամեն վայրկյան պատրաստ՝ զոհելու ամենաթանկը՝ կյանքը… որ մյուսներն ապրեն»…
Վլադիմիրը երկու երեխաների հայր է, ռազմաճակատ է մեկնել հոկտեմբերի 22-ին, վերադարձել՝ նոյեմբերի 27-ին։ Նա նույնպես հնարավորինս նոսրացրել է պատերազմի խիտ գույները՝ ընտանիքի հետ կարճատև հեռախոսազրույցների ընթացքում, իսկ արդեն պատերազմի դաշտում «ժամանակ չկա մտածելու՝ ինչ է լինելու, ոնց է լինելու։ Միտքը մեկն է՝ օգտակար լինել պազերազմի ընթացքին, օգտակար լինել կողքիդ կռվող տղերքին»։
Հայրենիքի ու նրա նկատմամբ սիրո մասին Վլադիմիրն իր պատկերացումներն ունի, ասում է՝ «հայրենասիրության մասին բարձրաձայնելու հարկ չկա, այն ավելի պարզ բաների մեջ է․ եթե սիրում ես ընտանիքդ, ուրեմն՝ հայրենասեր ես, եթե ապրում ու գործում ես քո երկրում, ուրեմն՝ հայրենասեր ես։ Եթե գնում ես, կռվում ես, անգամ եթե զոհվում ես, այդ ամենն անում ես ընտանիքիդ համար, ընկերներիդ համար։ Հայրենիքը հենց մտերիմներդ են»… Նա վստահ է՝ հուսահատությունից կարելի է գրագետ դուրս գալ․ «Պետք է պատերազմից դասեր քաղել ու առաջ նայել․ սա է միակ բանաձևը։ Իսկ երազանքի Հայրենիք կառուցելու համար բավարար է բարի լինել միմյանց հանդեպ ու զբաղվել յուրաքանչյուրս մեր գործով։ Բավարար է հետևել օրենքներին ու համակեցության պարզ կանոններին, հոգ տանել իրար ու մեր ընդհանուր տան մասին»․․․
«Պատմության ու աշխարհագրական դիրքի բերումով Հայաստանը ստիպված է եղել պատերազմել, հետևաբար՝ հայ մարդը ստիպված է եղել կռիվ տալ՝ սեփական հողի վրա ապրելու իր իրավունքի համար․ այդ է, երևի, պատճառը, որ հայ զինվորի մեջ գենետիկորեն է առկա պաշտպանելու գաղափարը»։
Սերգեյը 26 տարեկան է, ռազմաճակատ մեկնել է սեպտեմբերի 27-ին, վերադարձել՝ նոյեմբերի 22-ին։ Զինկոմիսարիատի զանգն ընդունել է մարտական տրամադրվածությամբ․ «Ընտանիքում, իհարկե, անհանգստանում էին, մտավախությունները շատ էին, բայց եթե ինքդ որոշել ես գնալ, ապա ոչինչ քեզ հետ չի պահի։ Յուրաքանչյուրը Հայրենիքի հանդեպ իր քայլն անում է՝ իր աշխարհայացքին համապատասխան․ իմը պարտադրում էր մեկնել»․․․
Պատերազմի ողջ ընթացքին զուգահեռ ձգվող երազանք-նպատակի մասին խոսելիս Սերգեյը պատմում է՝ «ամենաշատն ուզում էինք նույն կազմով, անփորձանք վերադառնալ, պատկերացնում էինք՝ ինչպես պիտի հավաքվեինք խաղաղ պայմաններում»։ Սեգեյը վստահ է՝ «թեև հայ զինվորը պատրաստ է ամեն պահի իր կյանքը դնել Հայրենիքի փրկության զոհասեղանին, սակայն այդ նույն հայ զինվորի համար ամենամեծ երջանկությունը խաղաղությունն է»․․․