Տիկին Անահիտը մեր հաշվապահն է՝ արդեն 11 տարի: Նա մեր թիմի ավագ սերնդի անդամներից է, ինչը հուշում է միմիայն նրա 40 տարվա աշխատանքային փորձը: Ուրիշ ոչինչ չի կարող մատնել նրա տարիքը: Տիկին Անահիտը չի էլ թաքցնում այն. «տարիքն ընդամենը թիվ է»,- ասում է, ու չնայած թվերի նկատմամբ մասնագիտական սիրուն, վստահ է՝ կարևորը հոգով երիտասարդ լինելն է: Նրա վարակիչ կենսուրախությունը մեզ հետ է ամեն օր: Թիմային խնջույքներին էլ երբեմն կատակում է՝ դիմելով երիտասարդ գործընկերուհիներին, թե՝ «ձեզ ավելի ակտիվ պահեք, որպեսզի իմ ակտիվությունն աչք չծակի»:
Տիկին Անահիտը Telcell-ի հետ է՝ ընկերության հիմքերից, երբ մեր հիմնական աշխատակիցների թիվը 32 էր. այսօր արդեն նա «ստիպված է» հաշվարկել ավելի քան 250 հիմնական աշխատակիցների աշխատավարձերը: «Ի՞նչն է ձեզ գրավել Telcell-ում» հարցին՝ լիբերալ հայացքներով տիկին Անահիտն անմիջապես պատասխանում է.
«Ես թիմային աշխատանքի կողմնակից եմ. ինձ համար կարևոր է, որ թիմում բոլորին նայեն հավասար աչքով, անկախ նրանից՝ դիմացինդ բաժնի պետ է, թե շարքային աշխատակից. հենց այդ հարցում էլ իմ ու ընկերության մոտեցումները համընկան»:
«Ինչու՞ հենց հաշվապահություն»,- հետաքրքրվեցի ես ու բացահայտեցի տիկին Անահիտի վաղեմի երազանքը: Պարզվում է՝ նա ուզում էր մանկավարժ դառնալ. «Երեխաների հանդեպ միշտ յուրահատուկ սեր եմ ունեցել. դա էր պատճառը, որ հակված եմ եղել մանկավարժ դառնալու մտքին:
Մասնակցեցի ընդունելության քննություններին. շեմն անցնելու համար չէր բավարարում ընդամենը կես միավոր: Հաջորդ տարի ուժերս փորձելու համար, ըստ խորհրդային կարգերի, հարկավոր էր կա՛մ մասնագիտական, կա՛մ բանվորական ստաժ: Այդպիսով, քեռուս կնոջ միջնորդությամբ ընդունվեցի աշխատանքի՝ երկաթ-բետոնային կոնստրուկցիաների գործարանի լաբորատորիայում, որպեսզի ստաժ ձեռք բերեմ ու զուգահեռ պատրաստվեմ գալիք քննություններին: Աշխատանքի շրջանակներում լաբորատորիաների հաշվետվությունները նույնպես ես էի կազմում. այդպես էլ ղեկավարությունը նկատեց իմ մեջ հաշվապահական տաղանդ ու գործուղեց պետական տնտեսագիտական համալսարան՝ սովորելու»:
Այսօր արդեն տիկին Անահիտն ուրախ է, որ կյանքն այդպես է դասավորվել, քանի որ հաշվապահությունը դարձել է ողջ կյանքի սիրելի գործը, դե իսկ երեխաների հանդեպ սերն իհարկե չի մարել: Խոստովանում է, որ անհամբերությամբ սպասում է՝ երբ է տատիկ դառնալու, իսկ մինչ այդ, եթե մի տեղ երեխաներ ու մեծահասակներ կան, նա նախընտրում է ավելի երկար ժամանակ անցկացնել հենց բալիկների հետ, քանի որ…
«նրանց մեջ մաքրություն ու պարզություն կա»:
Տիկին Անահիտը բնության, կենդանիների, բլյուզ երաժշտության ու պատմական, դետեկտիվ գրականության սիրահար է: Ասում է՝ «եթե օֆիսում ծաղիկներ եք տեսնում, կարող եք վստահ լինել՝ իմ ձեռքի գործն է», դե իսկ կոլեգաները փաստում են, որ որևէ կենդանի, որին կհաջողվի հայտնվել Telcell-ի շրջակայքում, քաղցած չի մնա, կերակրողը հենց ինքն է՝ մեր տիկին Անահիտը: