Այս օրերին QR ուղետոմսը Երևանի հասարակական տրանսպորտում վճարելու հիմնական եղանակներից մեկն է և ապահովում է արագ ու անկանխիկ երթևեկություն:
Միասնական տոմսային համակարգում գործում են երկու տեսակի QR ուղետոմսեր՝ ստատիկ և դինամիկ։ Եկեք պարզենք՝ ինչ է QR ուղետոմսը, ինչ տարբերություն կա այս երկուսի միջև և ինչպես են դրանք աշխատում։
📌 Ինչ է QR ուղետոմսը և ինչպես է այն աշխատում
QR ուղետոմսը գրաֆիկական կոդ է, որը ստեղծվում է ուղետոմս գնելու պահին։ Տրանսպորտից օգտվելու համար անհրաժեշտ է սքանավորել այն տրանսպորտում տեղադրված QR սքաների միջոցով։
Յուրաքանչյուր QR ուղետոմս ունի երկու ժամկետ՝
- Ակտիվացման ժամկետ, որի ընթացքում անհրաժեշտ է առաջին անգամ սքանավորել ուղետոմսը։
- Վավերականության ժամկետ, որը ցույց է տալիս ուղետոմսի գործողության ժամկետը սքանավորումից հետո։
Ուղետոմսերը լինում են ստատիկ և դինամիկ։

🔍 Ստատիկ QR ուղետոմս. պահպանվող, փոխանցվող, հարմար
Այն ստեղծվում է մեկ անգամ, չի փոփոխվում ժամանակի ընթացքում, ուստի․
✔️ կարելի է սքրինշոթ անել,
✔️ պահպանել պատկերների կամ PDF ձևաչափով,
✔️ ուղարկել որևէ մեկին,
✔️ տպել և օգտագործել թղթային տարբերակով։
📌 Որ ուղետոմսերն ունեն ստատիկ QR կոդ.
- Մեկանգամյա ուղետոմս (150 դրամ)
- «Փաթեթ» 10 ուղևորություն (1500 դրամ)
- Օդանավակայանի ուղետոմս (500 դրամ)
Ստատիկ QR ուղետոմսը լավագույն տարբերակն է, երբ ուզում ես գնել ուղետոմս մեկ ուրիշի համար, օրինակ՝ ծնողիդ, երեխայիդ կամ հյուրիդ։ Պարզապես փոխանցիր QR ուղետոմսը կամ դրա լուսանկարը, որպեսզի սքանավորեն տրանսպորտում կամ մետրոյում։

🔄 Դինամիկ QR ուղետոմս. անձնական, ժամանակակից, պաշտպանված
Դինամիկ QR ուղետոմսը թվային ուղետոմսերի նորարար տարբերակն է։
Այն ունի մի քանի կարևոր առանձնահատկություն․
✔️ թարմանում է յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ,
✔️ հասանելի է միայն Telcell Wallet հավելվածում,
✔️ չի թույլատրվում սքրինշոթ կամ լուսանկար անել,
✔️ չի կարող փոխանցվել այլ անձի,
✔️ մեկ տրանսպորտային միջոցում կամ կայարանում հնարավոր է սքանավորել 30 րոպեում մեկ անգամ։
📌 Որ ուղետոմսերն ունեն դինամիկ QR կոդ.
- 180 րոպե
- 1 օր
- 1 շաբաթ
- 1 ամիս
- 3 ամիս
- 1 տարի
Սա արվում է մի պարզ պատճառով՝ պաշտպանել ուղետոմսը չարաշահումից։ Հնարավոր չէր վերահսկել՝ արդյոք նույն QR կոդը օգտագործում են տարբեր անձինք։ Դինամիկ QR-ը ստեղծվել է՝ լուծելու այդ խնդիրը։ Դինամիկ QR ուղետոմսերը պահանջում են ինտերնետ կապի մշտական հասանելիություն, քանի որ թարմանում են յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ և գործում են միայն Telcell Wallet հավելվածում։
Սկսած մարտի 1-ից՝ բոլոր վերոնշյալ ուղետոմսերը՝ բացի 180 րոպեից, որն ունի 3 ուղևորություն, տալիս են անսահմանափակ ուղևորությունների հնարավորություն և գործում են միայն մեկ անձի համար։
💡 Այսինքն՝ մեկ ուղետոմսը չի կարող միաժամանակ օգտագործվել երկու կամ ավելի ուղևորների կողմից։ Դինամիկ QR-ն ապահովում է այս սահմանափակման կարգավորումը։
Ներբեռնել հավելվածը
