Այսօր ձեզ կպատմեմ մեր Իրավաբանական բաժնի ղեկավարի՝ 26-ամյա Ռուզաննայի մասին, ով հաջողել է շատ կարճ ժամանակում մասնագիտական սրընթաց աճ արձանագրել:
Telcell-ը Ռուզաննայի երրորդ աշխատատեղն է. գործի է անցել որպես իրավաբան, հետո՝ ընդամենը մեկուկես տարի անց, իր երիտասարդ ուսերին է վերցրել ընկերության կարևոր բաժիններից մեկի ղեկավարումը: «Այդ հարցում ինձ օգնեց իմ՝ պատասխանատվություն կրելու պատրաստակամությունը, մյուս կողմից՝ ընկերության վստահությունը»: Վստահությունը՝ նախկինում ղեկավարման փորձ չունեցող, փոխարենը մեծ պոտենցիալ ու աշխատասիրություն դրսևորող Ռուզաննայի նկատմամբ:
«Մեր ընկերությունում գործում է մի լավ սկզբունք. հնարավորություն տալ երիտասարդ կադրերին. այդպիսով մեր թիմում հիանալի բալանս է ձևավորվում՝ փորձառու ներուժի ու երիտասարդ մտքի»:
Ի դեպ՝ բալանսի մասին. Ռուզաննան դա կարևորում է ոչ միայն աշխատանքում: Յոգա, մեդիտացիա, փիլիսոփայություն ու գրքե՜ր, գրքե՜ր. այս ամենն էլ պահպանում են նրա ներանձնային հարմոնիան: Խոստովանում է՝ իր գրասեղանից անպակաս է Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» գիրքը:
Վերադառնանք գործին. «Կարևորելով մասնագիտական լավ կրթությունը՝ պիտի նշեմ, որ հիմնական հմտություններիս մեծ մասը ձեռք եմ բերել հենց աշխատանքային պրոցեսում»: Առհասարակ իրավաբանի ու առավելապես իրավաբանական բաժնի ղեկավարի առանցքային հատկություն/հմտությունները, ըստ Ռուզաննայի, երեքն են. առաջինը պատասխանատվության բարձր զգացումն է, որին պետք է անպայման գումարել թիմային աշխատանքի ունակությունը՝ բանակցային հմտությունները, որոնք կիրառելի պիտի լինեն գործընկերների հետ հարաբերվելիս: Երրորդն էլ, իհարկե, մասնագիտական պատրաստվածությունն է, գիտելիքի պաշարը:
Հետաքրքիր է, որ դպրոցական տարիներին Ռուզաննային առավել գրավում էին ճշգրիտ գիտությունները, բայց երբ վրա հասավ մասնագիտական ընտրություն կատարելու պահը, նրա որոշումը միանշանակ էր՝ իրավաբանություն: «Ինձ գրավում էր այն, որ հնարավորություն կունենամ կանգնել արդարության կողքին, կանոնակարգել հասարակական կյանքը»:
Իրավաբան լինելուց զատ, Ռուզաննան նաև արտոնագրված փաստաբան է, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ: «Թե՛ անհատի, թե՛ ընկերության շահերը պաշտպանելն ունի իր հետաքրքրությունները: Տարբերությունը երևի այն է, որ դատական գործընթացները պահանջում են առավել էքստրավերտություն: Այս պահին ինձ ավելի հոգեհարազատ է կորպորատիվ շահի պաշտպանությունը»:
Ապագայի մասին խոսելիս Ռուզաննայի ձայնը առավել քան մոտիվացված է հնչում. նրա հեռակա պլաններում են իրավունքի և ծրագրավորման միաձուլմը, նոր, հետաքրքիր գործիքակազմի ստեղծումը: Ռուզաննայի նպատակն ու երազանքը կարելի է ձևակերպել մեկ նախադասությամբ. հասնել ներդաշնակության:
Եվ թվում է՝ նա առավել քան ճիշտ ճանապարհին է: