Հարյուրավոր մարդիկ մեր երկրում և միլիոնավորները ամբողջ աշխարհում ամեն օր տարատեսակ զեղծարարությունների թիրախ են դառնում։ Եկեք անդրադառնանք դրանցից մեկին՝ կիբեռհանցագործություններին, որոնք վտանգում են անձնական տվյալների և բանկային հաշիվների անձեռնմխելիությունը։
Զեղծարարները տեքստային հաղորդագրությունների, հեռախոսազանգերի, էլ.փոստի կամ սոցիալական ցանցերի միջոցով կարող են կապ հաստատել ու ներկայանալ օրինակ՝ Ձեր հաշիվները սպասարկող բանկի, Telcell-ի, ոստիկանության կամ հարկային մարմինների աշխատակից ու խնդրել, որ Ձեր միջոցները փոխանցեք «անվտանգ հաշվի»՝ պատճառաբանելով, թե Ձեր գործող հաշիվը վտանգված է։ Հնարավոր է խաբեությամբ փորձեն Ձեզ հարկադրել գաղտնաբառեր, անձնական տվյալներ տրամադրել, կարող են սպառնալ իրավական բացասական հետևանքներով։
10 ԿԱՐԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ
????Հիշե՛ք, որ Ձեր հաշիվները սպասարկող բանկը, Telcell-ը, հարկային մարմինները կամ ոստիկանությունը երբեք չեն խնդրի գումար փոխանցել այլ հաշվի:
???? Երբ ինչ-որ մեկը, ներկայանալով որևէ հաստատության անունից, խնդրում է որևէ ծրագիր ներբեռնել, երբե՛ք մի ներբեռնեք։ Զեղծարարներն այդ տարբերակով փորձում են մուտք գործել Ձեր անձնական համակարգիչ կամ հեռախոս՝ Ձեր անձնական տվյալներին հասանելիություն ունենալու նպատակով։
????Երբեք որևէ մեկին մի՛ տրամադրեք Ձեր PIN կոդը կամ գաղտնաբառը, հատկապես նրանց, ովքեր Ձեզ հետ կապ են հաստատում առանց Ձեր հարցման։ Հիշեք՝ PIN կոդը կամ գաղտնաբառը գաղտնի տվյալներ են։
???? Երբեք որևէ մեկին թույլ մի՛ տվեք մուտք գործել Ձեր անձնական համակարգիչ, հեռախոս կամ այլ սարքեր:
???? Եթե ինչ-որ մեկը սպառնում է տուգանել կամ իրավական պատասխանատվության ենթարկել Ձեզ, որևէ գործողությունից առաջ ուսումնասիրեք տեղեկատվությունը, դիմեք իրավաբանական խորհրդատվության։
????Զեղծարարները կարող են նմանակել հեռախոսահամարները, որպեսզի ճշմարտանման թվան: Միայն այն պատճառով, որ հեռախոսահամարը հիշեցնում է այս կամ այն կազմակերպության համարը, չի նշանակում, թե պետք է վստահել զանգահարողին:
????Եթե զանգ/նամակ եք ստացել առանց հայտ ներկայացնելու, միանգամից անձնական կամ ֆինանսական տվյալներ մի՛ տրամադրեք: Երբեք մի՛ սեղմեք հետադարձ զանգի կոճակը։ Անմիջապես կապ հաստատեք տվյալ կազմակերպության հետ՝ օգտագործելով էլ.փոստի պաշտոնական հասցեն կամ հեռախոսահամարը:
????Հարկային մարմինը կամ սոցիալական ծառայություն մատուցող ընկերությունը Ձեր անձնական, ֆինանսական տվյալները երբեք չի պահանջի էլեկտրոնային փոստի, տեքստային հաղորդագրության կամ հեռախոսազանգի միջոցով:
????Զեղծարարները կարող են որոշակի տեղեկություններ ունենալ Ձեր մասին և փորձել կոմպետենտ թվալ: Ձեր անունն իմանալը կամ անձնական որոշ տվյալների տիրապետելը դեռևս չի նշանակում, թե տվյալ անձը իրավասու է այլ տեղեկություններ ևս ստանալ: Հարցերին մի՛ պատասխանեք, քանի դեռ համոզված չեք, որ Ձեզ զանգահարողն իրավասու է իմանալ ավելին։
????Եթե անսպասելի զանգ եք ստացել Telcell-ից, հիշե՛ք, որ դա կարող է խաբեություն լինել։ Ընդհատեք զանգը և անմիջապես կապ հաստատեք մեզ հետ՝ Telcell Wallet հավելվածում առկա կապի միջոցների, մեր պաշտոնական կայքի կամ 060272225 հեռախոսահամարի միջոցով:
✅ Հետևե՛ք անվտանգության կանոններին և եղե՛ք պաշտպանված։