«Բազմակողմանի զարգացած, սրտաբաց, հետաքրքիր․․․ Եթե օբյեկտիվ լինեմ, կարծում եմ՝ գործընկերներս ինձ այսպես կբնութագրեն»,- ասում է Արսեն Ավետիսյանը, ով արդեն 1 տարի և 1 ամիս Telcell-ի ֆինանսական բաժնի ղեկավար է ու ծրագրում է նարնջագույն թիմի հետ երկար ճանապարհ անցնել։
«Telcell-ը էկոլոգիապես մաքուր բիզնես է ու աճի մեծ հեռանկար ունի։ Բացի այդ, ընտանեկան, բարեհամբույր միջավայր է այստեղ, ու դա ինձ շատ է դուր գալիս։ Այլ ընկերություններում աշխատելիս հոգեբանի աչքերով ուսումնասիրել եմ մթնոլորտը և հիմա նկատում եմ տարբերությունները»,- նշում է Արսենը։
10 տարուց ավելի աշխատում է ֆինանսական ոլորտում, մասնագիտական 3 կոչում ունի․ մաթեմատիկոս, հաշվապահ աուդիտոր և հոգեբան։
Արսենն անկեղծանում է՝ ընգծելով, որ միայն հոգեբան կամ միայն ֆինանսիստ աշխատելը շատ սթրեսային է, ու համատեղելով կարողանում ես պահպանել հավասարակշռությունը։ Ոչ աշխատանքային օրերին հոգեթերապիաներ է անցկացում, ինչի շնորհիվ չի սպառվում ու հաճախակի արձակուրդ գնալու կարիք չի լինում։ Բացի այդ, աշխատանքը տուն չի տանում՝ գրասենյակից դուրս գալիս ամեն ինչ թողնում է դռան ետևում։ Ներդաշնակության այս աստիճանին հասնելու համար խորհուրդ է տալիս գտնել ներաշխարհին համապատասխան աշխատանք, իսկ եթե չի ստացվում՝ ճիշտ կառավարել էներգիան․
«Շատ կարևոր է հավասարակշռել աշխատանքի համար ծախսած ու ստացած էներգիան։ Իհարկե՝ իդեալական տարբերակ է զբաղվել սիրած աշխատանքով, իսկ եթե չի ստացվում, պետք է ընդունել իրավիճակն ու իրատես լինել։ Զարգանալով, կրթվելով պետք է քայլ առ քայլ ձգտել ավելիին»,- հավելում է ֆինանսիստ-հոգեբանը։
Արսենը մարդկանց հետ շփման մեջ էմպատիկ է, ֆինանսների հետ աշխատելիս՝ ավելի վերլուծական։ Իրեն հատուկ ժպիտով պատմում է, որ հոգեբանի մասնագիտությունն օգնում է հասկանալ մարդկանց, նրանց ակնկալիքներն ու տրամադրվածությունը, նույնիսկ՝ առանց վերբալ շփման։ Մարդկանց հասկանալու համար հավասարապես հիմնվում է ինտուիտիվ և գիտական մեթոդներին․ «Պատահել է, որ ինտուիցիաս սխալվի, բայց միայն մանրուքներում։ Ընհանուր առմամբ՝ կարողանում եմ ճանաչել մարդկանց»։
Արսենն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերում երկրորդ՝ հոգեբանի աշխատանքին։ Նշում, որ ամենաբարդ գիտություններից է, չէ՞ որ կարող ես մի խորհրդով մարդու ճակատագիր փոխել․ «Պատասխանատվությունն ավելի մեծ է, քան ֆինանսների հետ աշխատելիս։ Այո, այստեղ էլ կարող ես սխալվել, բայց վերջական որոշում կայացնելուց առաջ գործընթաց կա, քեզանից բացի նաև ղեկավարդ է ամեն ինչ ստուգում, կան աուդիտորներ և ի վերջո՝ թիմակիցներ, ովքեր կարող են նկատել այն, ինչ գուցե բաց ես թողել», — ասում է նա ու հավելում, որ պերֆեկցիոնիստ լինելով՝ ծանր է տանում, երբ սխալվում է․ «Կա՞ մարդ, ով չի սխալվում։ Չկա՛։ Այստեղ կարևորը դասեր քաղելն ու նույն սխալը չկրկնելն է»,— նշում է նա։
Վերադառնալով Արսենի հետաքրքրություններին՝ բացենք չակերտները։ Բանն այն է, որ ֆինանսներն ու հոգեբանությունը 33-ամյա մասնագետի հետաքրքրությունների ամբողջ շրջանակը չեն։ Արսենը զբաղվում է յոգայով, աստղագիտություն է ուսումնասիրում։
«Յոգան 4 տեսակ ունի։ Ես 4-րդ՝ մեդիտացիոն տարբերակն եմ նախընտրում։ Զբաղվածությանս զուգահեռ՝ շատ ժամանակ չեմ կարողանում տրամադրել, բայց աշխատանքից հետո պարտադիր է մաքրել միտքն այնպես, ինչպես ատամները՝ քնելուց առաջ։ Եթե չեմ հասցնում մեդիտացիա անել՝ երեխաներիս հեռ թռչկոտում ենք։ Պարզ ու զվարճալի տարբերակ է մկանները բացելու համար»,- պատմում է Արսենը ու հավելում, որ Instagram-ում հետևորդների հետ յոգայի վարժություններ են անում (ի դեպ՝ կարող եք միանալ)։
Արսենն իրեն շատ պարզ մարդ է համարում։ Թեև բարդ գիտություններով է հետաքրքրված ու շատերի համար իր բնավորության, դատողությունների մեջ կարող են տարօրինակություններ նկատվել․ «Բնավորության շատ գծեր կան, որոնք կարող են տարօրինակ թվալ նրանց, ովքեր զարգացման նույն փուլերը չեն անցել»։ Արսենը մեջբերում է Մասլոյի բուրգի տեսությունը ու նշում, որ վերջինս բավական մոտ է գուշակել, մոտավորապես կանխատեսել է նաև 7-րդ էտապը ու բուրգը կիսատ թողել։ Ֆինտեխ ոլորտում աշխատելով` կիսում է տեսակետը, որ տեխնոլոգիաների զարգացումը կարող է օգնել մարդկանց, բայց կարող է նաև խորացնել նրանց վախերն ու ցավերը, ովքեր զարգացման դեռևս առաջին աստիճանին են։
Որոշ հարցերի պատասխաններ էլ Արսենը ստանում է աստղերից, դրանք ուսումնասիրելով՝ բացում է մտահորիզոնն ու փորձում հասկանալ, թե ինչ փուլերի միջով է մարդկությունն անցնելու․ «Instagram-ում հաճախ հարցումներ եմ անում՝ հասկանալու, թե մոլորակներն ու համաստեղություններն իրենց դասավորվածությամբ ինչպես են ազդում մարդկանց վրա։ Պետք է նկատեմ, որ օրինաչափություններ շատ կան։ Գիտեք, բնությունն ու տիեզերքն ամեն ինչ շատ իդեալական են գծել։ Եթե անգամ հնարավորություն ունենայի, չէի միջամտի՝ ոչինչ չէի փոխի»։
Արսենի սիրելի աստղը Արևն է ու աղջիկը՝ Աստղիկը։ Ինչ վերաբերում է մոլորակներին, չէր ցանկանա լքել Երկիրը։ Պարզ պատճառով․- «Եթե կա փախուստի միտք, սկսում ես ավելի անպատասխանատու վարվել այն միջավայրի հետ, որտեղ գտնվում ես։ Նույնը Հայրենիքը լքելուն է վերաբերում։ Պետք է գնահատել ու ավելի լավը դարձնել ունեցածդ, որ գնալու ցանկություն չլինի»,- ասում է Telcell-ի ֆինանսական բաժնի ղեկավարը, ով Հայրենիքը սիրում է սիրո 7-րդ՝ ամենաբարձր մակարդակում։ Արսենը հավատում է, որ Հայաստանի ապագան ՇԱՏ լուսավոր է։