Այսօր ձեզ կպատմենք մեր ֆինանսական տնօրենի` Թամարա Սարգսյանի մասին, ով վերջերս ստացել է ACCA միջազգային որակավորում: Իր նպատակին Թամարան մոտեցել է քայլ առ քայլ՝ 10 տարվա գիտելիքի ու լավագույն փորձառության արդյունքում, և բարդությունները երբեք էլ չեն կաշկանդել նրան։
Միջազգային որակավորումը միակ բանը չէ, ինչով Թամարան կարող է հպարտանալ, ոգևորիչ է նաև նրա մասնագիտական աճը Telcell-ում. ֆինանսական բաժնի ղեկավար, ներքին վերահսկողության ծառայության ղեկավար, իսկ այժմ` ֆինանսական տնօրեն: Իսկ տարիներ առաջ Թամարան չէր էլ ենթադրում, որ իր հաջողությունները կապված կլինեն ֆինանսների ոլորտի հետ:
«Արվեստասեր երեխա էի. տարված էի նկարչությամբ, նաև երազում էի դերասանուհի դառնալ, բայց երբ եկավ մասնագիտական կողմնորոշման ժամանակը, ընտանիքիս ուղղորդմամբ ընտրեցի տնտեսագետի մասնագիտությունը»:
Թեև Թամարան մասնագիտացել է թվերի հարցում, արվեստն աչքաթող չի արել: Այդ են վկայում նրա տան պատերի գծանկարները:
Աշխատավայրում էլ նա հոգ է տանում ավոկադոյի ծառի մասին, որն, ինչպես ինքն է ասում, «աճեցնում են ամբողջ դեպարտամենտով»:
Առհասարակ՝ աշխատանքային առօրյայի մասին խոսելիս առաջինը, ինչ մատնանշում է Թամարան, թելսելցիների հյուրընկալությունն է. ասում է` «այստեղ անհնար է կես աշխատանքայից օրվանից հետո քեզ նորեկ զգալ. Telcell-ն ընտանիք է, որն այնքան է մեծացել, որ բոլոր անդամներին ճանաչելը գնալով բարդանում է»:
Թամարային ճանաչողներն ասում են, որ նա յուրահատուկ մարդ է, ում հետ կարելի է քննարկել թե՛ մասնագիտական հարցեր, թե՛ ֆիլմեր ու գեղարվեստական գրականություն։ Նրան բնորոշում են որպես հիանալի մենեջեր, ով հոգ է տանում թիմային ոգու մասին, կարողանում է միավորել բոլորին մեկ նպատակի շուրջ` արժանվույնս գնահատելով յուրաքանչյուր աշխատակցի ուժեղ կողմերը:
Այսպիսին է մեր Թամարը՝ պրոֆեսիոնալ, բազմակողմանի հետաքրքիր, համախմբող ու վարակիչ կենսուրախ: