Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակները և նրանց օգնելու ձևերը

Հայաստանի բնաշխարհը հարուստ է բազմատեսակ կենդանիներով։ Մեր երկրում, հաճախ հենց մեր կողքին, ապրում են հազվադեպ հանդիպող տեսակներ, և շատերը, ցավոք, վերացման վտանգի տակ են։ Նրանցից յուրաքանչյուրն իր կարևոր դերն ունի բնության պահպանման և մեր կյանքի որակի հարցում, սակայն հանդիպում է խոչնդոտների, ինչպիսիք են մարդկային գործունեության արդյունքում ապրելավայրերի կրճատումը, որսագողությունը, կլիմայական փոփոխությունը և շատ ավելին։ Բոլոր այս գործոնները սպառնում են որոշ կենդանատեսակների վերացմանը, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ բնության՝ հետևաբար նաև բոլորիս համար։

Եվ մինչ մենք ապրում ենք մեր կյանքով, անտեսելով խնդիրները, ավելի ու ավելի շատ կենդանիներ հայտնվում են Կարմիր գրքում։ Նրանց այնտեղից հանելու և Հայաստանի բնաշխարհը վերականգնելու համար ցանկանում ենք միավորել ուժերը։ Մենք կատարել ենք մեր ներդրումը և բարձրաձայնում ենք խնդիրը, որպեսզի դուք նույնպես միանաք արշավին․ մեծ փոփոխության կարելի է հասնել՝ նույնիսկ փոքրիկ գումար նվիրաբերելով։

Կովկասյան ընձառյուծ

Կարգավիճակ

Գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում՝ «Կրիտիկական վիճակում գտնվող» կարգավիճակով։ 

Տարածվածությունը Հայաստանում

Բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ-իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում: 

Պոպուլյացիա

Առավելագույն գրանցված քանակը՝ 10 առանձնյակ։ 

2024 թվականին առաջին անգամ փաստացի գրանցվել է Հայաստանում ծնված ընձառյուծ, որն իր մոր հետ միասին ուսումնասիրում է նոր աշխարհը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում։ Սա պահպանության տասնամյակների ջանքերի ամենամեծ արդյունքներից է։

Հիմնական սպառնալիքներ

Արեալի մասնատված լինելը, որի հիմնական պատճառները որսագողությունն ու մարդու տնտեսական գործունեությունն են։

Դերը Էկոհամակարգում

Վերահսկում է խոտակերների պոպուլյացիան։

Կայուն էկոհամակարգերի ցուցիչ տեսակ է։

Ինչպե՞ս է նվիրատվությունն աջակցելու կենդանատեսակին

  • Ապօրինի որսի կանխարգելում
  • Մարդ-կենդանի կոնֆլիկտի մեղմում
  • Մշտադիտարկում
  • Տեղական համայնքների իրազեկում
  • Պահպանվող տարածքների կարողությունների հզորացում

Հայկական մուֆլոն

Կարգավիճակ

Գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում՝ «Վտանգված» կարգավիճակով։ 

Տարածվածությունը Հայաստանում

Հիմնականում տարածվում է Ուրծի լեռնաշղթայում (Արարատի մարզ), «Արփա» պահպանվող լանդշաֆտի (Վայոց ձոր), «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի (Սյունիք) տարածքում։

Պոպուլյացիա

Մոտավորապես 100 առանձնյակ։

Հիմնական սպառնալիքներ

Որսագողություն, հանքարդյունաբերություն, ենթակառուցվածքների զարգացում, քաղաքական անկայունություն սահմանամերձ գոտիներում, կլիմայական փոփոխություններ՝ ապրելավայրերի չորացում, ճնշում ընտանի ոչխարների կողմից։

Դերը Էկոհամակարգում

Հանդիսանում է ալպիական և սուբալպիական մարգագետինների որակի ցուցիչ տեսակ, ինչպես նաև խոշոր գիշատիչների համար որսատեսակ։

Ինչպե՞ս է նվիրատվությունն աջակցելու կենդանատեսակին

  • Տեղական կարողությունների հզորացում՝ որսագողությունը և այլ վտանգները նվազեցնելու նպատակով։
  • Իրազեկվածության բարձրացում։
  • Դասընթացների անցկացում պահպանվող տարածքների անձնակազմի համար։

Բեզոարյան այծ

Կարգավիճակ

Գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում՝ «խոցելի» կարգավիճակով:

Տարածվածությունը Հայաստանում

Տարածված է Սևանի լեռնաշղթայում (Շորժա գյուղի շրջակայքում), Գեղամա լեռնաշղթայի, Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների արևմտյան ճյուղերում և Նորավանքի կիրճում։ Առանձին խմբեր կան նաև Խուստուփ լեռան վրա, Որոտան գետի կիրճում և Արփա գետի գագաթային լեռներում։

Պոպուլյացիա

1000–1500 առանձնյակ՝ պոպուլյացիան խիստ մասնատված է և բաժանված է հեռավոր և մեկուսացված խմբերի: Պոպուլյացիան ունի աճման միտում այն տարածքներում, որտեղ իրականացվում են պահպանության աշխատանքներ, օր․՝ «Արփա» պահպանվող լանդշաֆտում (Վայոց ձոր)։

Հիմնական սպառնալիքներ

Որսագողություն, հողերի յուրացում, հանքարդյունաբերություն, կենսամիջավայրի ոչնչացում և գերարածեցում։

Դերը Էկոհամակարգում

Քարքարոտ ապրելավայրերի որակի ցուցիչ են։ Ընձառյուծի որսատեսակ է հանդիսանում։

Ինչպե՞ս է նվիրատվությունն աջակցելու կենդանատեսակին

Մոնիթորինգ, որի հիմնական նպատակն է հետևել պոպուլյացիայի միտումներին՝ սահմանելու, թե որտեղ է անհրաժեշտ կենտրոնացնել բնապահպանական գործունեությունը։

Գորշ արջ

Կարգավիճակ

Գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում՝ «խոցելի» կարգավիճակով։

Տարածվածությունը Հայաստանում

Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր:

Պոպուլյացիա

Թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: 

Վայոց ձորում արջերի խտությունը աշխարհում ամենաբարձրներից է։

Խնդիր

Արջերը հաճախ մտնում են գյուղեր՝ վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, ինչի արդյունքում առաջանում է մարդ-արջ կոնֆլիկտի սրում։ Խնդիրն առավել արտահայտված է Վայոց ձորում, սակայն արդիական է ոչ միայն Հայաստանում, այլև շատ այլ երկրներում։

Դերը Էկոհամակարգում

Հիմնականում բուսակեր լինելով՝ նպաստում են ապրելավայրերի վերականգնման և կայունության պահպանման գործին։

Ինչպե՞ս է նվիրատվությունն աջակցելու կենդանատեսակին

  • Մոնիթորինգ, որի հիմնական նպատակն է հետևել պոպուլյացիայի միտումներին՝ սահմանելու, թե որտեղ է անհրաժեշտ կենտրոնացնել բնապահպանական գործունեությունը։
  • Մարդ-գիշատիչ կոնֆլիկտը մեղմելու նպատակով Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի որոշ գյուղական համայնքների բնակիչներին էլեկտրական հովվի տրամադրում։ Ամենուր կիրառվող էլեկտրական հովիվը ամենաարդյունավետ միջոցներից է արջերի կողմից հասցված վնասը կանխելու գործում։ Այն արդեն իսկ ցույց է տվել իր արդյունավետությունը նաև Հայաստանում։

Նվիրատվության բաժինը կարելի է գտնել՝ Telcell Wallet-ի և Telcell Terminal-ի որոնման դաշտում մուտքագրելով WWF։ 

Ավելին կենդանիների մասին կարող ես իմանալ www.wwf.am կայքում։ 

Շնորհակալ ենք, որ անտարբեր չես․․․

Ներբեռնել հավելվածը